Ըստ orer.eu կայքի՝ «Գրքերի աշխարհ Պրահա»-ն արդեն 20-րդ տարին է անցկացվում Չեխիայի մայրաքաղաքում։ Ամեն տարի այս միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն չեխական տարբեր հրատարակչություններ, այլև արտասահմանյան երկրների գրահրատարակչական ընկերություններ կամ նախարարություններ։ Ընդ որում՝ գրքի միջազգային ցուցահանդեսը օգտագործվում է նաև զբոսաշրջության բնագավառի տեղեկատվություն բաժանելու նպատակով։ Այս տարի թեև միջազգային մասնակցությունն այնքան էլ մեծ չէր, բայց կրկին ներկայացված էր Ադրբեջանըˋ իր մշակույթի և տուրիզմի նախարարությամբ, իսկ Թուրքիան, Հայաստանը և Վրաստանը չէին մասնակցում։ Բայց եթե եղել են տարիներ, որ մասնակցել են նաև Թուրքիան կամ Վրաստանը, ապա Հայաստանը երբեք չի մասնակցել, հիմնականում՝ ֆինանսական դժվարություններից ելնելով։
Այս տարի միջազգային ցուցահանդեսի բացումը իբրև հյուր պետություն կատարեց Հունգարիան։ Բացման արարողությանը մասնակցում էին ոչ միան Հունգարիայից ժամանած պատվիրակության անդամները, այլև Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեյխը։
Այս տարվա ցուցահանդեսում չափազանց մեծ տաղավարով է ներկայացվել Ռուսաստանը, նույնիսկ առանձին բաժին հատկացնելով մանկական գրականությանը, իսկ Ադրբեջանի տաղավարում, իրենց խոհանոցին վերաբերող ստահոդ գրքերից զատ, նաև բաժանում էին Ղարաբաղին նվիրված տուրիստական քարտեզներ, մոտ 300 անուն գրականություն։
Ինչպես միշտ ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ տարբեր երկրների գրողների հետ։ Մայիսի 17-ին՝ ժամը 12-ին Ռուսաստանից Ալեքսանդր Ադաբաշյանը կներկայացնի ռուս ճանաչված մանկագիր Սերգեյ Միխալկովի մասին գիրքը, որը նվիրված է նրա100-ամյակին։